top of page

Սբ Գևորգից դեպի արևմուտք, բլրակի վրա Մխիթար Գոշը կառուցել է Սբ Համբարձման մատուռ-դամբարանը, ուր և նա թաղված է։ Ժամանակին դամբարանի մուտքին նայող երկու խաչքարեր են եղել, որոնցից միայն բեկորներ են պահպանվել։ Շրջակայքում շատ են տապանաքարերը և խաչքարերի բեկորներ։ Մոտակայքում է գտնվել նաև Սբ Հոգի փայտաշեն եկեղեցին, որն իր կյանքի վերջին տարիներին կառուցել էր Մխիթար Գոշը (չի պահպանվել)։

Մխիթար Գոշի ժամանակակից Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ այսպես է նկարագրում Գոշի վերջին տարիներն ու մահը.

«Եվ որովհետև ինքը (Մխիթարը) սիրում էր անապատ և ամայություն, իր համար տուն պատրաստեց վանքից հեռու։ Այնտեղ Սուրբ Հոգու անունով կառուցեց նաև մի փայտակերտ փոքրիկ եկեղեցի։ Եվ ծերության ժամանակ վանքի վերևում, աջ կողմից կառուցեց մի եկեղեցի` որպես շիրիմ իր գերեզմանին, սրբատաշ քարով ու կրով ագուցված` Քրիստոսի Համբարձման անունով։ ...

...կյանքի երանելի ընթացքը կատարելով ու հավատը պահելով հասավ խոր ծերության։ Եվ երբ տեսավ, թե տկարանալով մարմնական զորությամբ և պատրաստ է դրանից հետո գնալու միանալու իր հայրերին, կանչեց Նոր Գետիկի վանքի միաբանության անդամներին, ովքեր իր հետ դիմացել էին վանքի և եկեղեցու բոլոր դժվարություններին, օրհնեց նրանց ու իր աշակերտներին Տիրոջ անունով։

Նրանցից Մարտիրոս անունով մեկին ընտրելով, որ աշակերտել էր իրեն ու մտերմ էր իր հետ, նշանակեց նրանց առաջնորդ։ Սա հասակով պատանի էր, բայց իմաստությամբ կատարյալ էր, պաշտամունքի երգերում քաղցրաձայն մի մարդ էր, առատամիտ ընթերցող ու գրչության մեջ արագագիր, սրան հրամայեց առաջնորդել նրանց։ Եվ կտակ գրեց ուղղված հազարապետ մեծ Իվանեին` Զաքարեի եղբորը ու նրան հանձնեց վանքն ու առաջնորդին։ Իսկ ինքը այս կյանքից փոխադրվեց Քրիստոսի մոտ` ալևորված ու տարիներով բեռնավորվածՎանքի վերակացու Մարտիրոսը միաբանների հետ գեղեցիկ կերպով կազմակերպեց նրա թաղման հոգսը ու մարմնական պատշաճ պիտույքները. և տարան նրան վանքի վերևում գտնվող փոքրաչափ եկեղեցու դռան առաջ, արևելյան կողմում հանգստացրին։ Մինչ այսօր էլ նրա գերեզմանը օգնում է այն հիվանդներին, ովքեր հավատով ապավինում են նրա աղոթքներին և այնտեղի հողը միշտ տանում են հիվանդ մարդկանց ու անասուններին բուժելու համար, որովհետև Աստված Իր փառավորիչներին փառավորում է թե` ողջ, թե` մեռած»։

bottom of page